ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ն տեղեկացնում է, որ ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը՝ չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:
«Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ առհամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության երկու ծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։
Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերնշյալ քրեական վարույթները միացվել են»,- նշել է գերատեսչությունը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցներ՝ միջադեպի ընթացքում առերևույթ բռնություն գործադրած, հանցավոր վարքագիծ դրսևորած բոլոր անձանց ինքնությունները պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Տավուշում ապրիլի 26-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ Կիրանց գյուղի ճանապարհը փակած ցուցարարների միջև։
Բախման ժամանակ, ըստ ցուցարարների, պայթյուն է լսվել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հերքել է ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կամ այլ հատուկ միջոցի կիրառման մասին տեղեկությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։