Քննչական կոմիտեն հայտնել է մայիսի 7-ին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի 2 մասնակցի ձերբակալության մասին։
«Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
ՔԿ-ն հայտնել է, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ տվյալներ են ստացվել, և նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով):
«Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է»,- հավելել են ՔԿ-ից։
Մայիսի 9-ին ՔԿ-ն հայտարարել էր, որ մայիսի 8-ի դրությամբ՝ սահմանազատման գործընթացի դեմ Տավուշում և ՀՀ այլ բնակավայրերում բողոքի ակցիաների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձ կալանավորվել է։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները մայիսի 9-ին երթով շարժվում են Երևան, ուր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք են իրականացնելու։