«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ է սկսել դեպի Երևան՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին միակողմանի տարածքների զիջումները, Կիրանց գյուղում հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Շարժումը որոշեց իր ժողովրդով ուղղակի գնալ Երևան և պատասխաններ պահանջել։ Այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի, ինչը մեր ժողովրդի պահանջն է առաջին իսկ օրվանից։ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի և որին հաջորդելու է անկլավների խնդիրը, ապա Տավուշից դուրս Սյունիքի, Տիգրանաշենի խնդիրները։ Հյուսիսից հարավ անհասկանալի արյունաքամ գործընթացի մեջ ենք գտնվում և դա պետք է դադարեցվի»,- նշել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ եթե սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների և սկզբունքների հիման վրա։
«Մայիսի 9-ին՝ Երևանում»,- հայտնել է շարժումը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։