ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում։ Այս մասին
հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ:
Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում՝ միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։
Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ: