ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: Դրանք են՝
ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
բ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
գ) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։
Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը:
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:
Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։
Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: