ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այս տարվա մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ։ Վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել վարչապետից` նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ խմբի անդամներից մեկը, որը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ է, սպառնացել է պահանջը չկատարելու դեպքում կոտրել իր գլուխը:
Դեպքի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում 2020թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը վերը նշված դեպքի վերաբերյալ մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Հանցագործության մասին հաղորդումը», որը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող հիշյալ քրեական գործին:
Համաձայն ՔԿ հաղորդագրության՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: