Խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների բնակարաններում, գրասենյակներում։ Ընդ որում՝ դրանք սկսվել են միաժամանակ՝ մոտ 4 ժամ առաջ, որոնց արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Խաչատրյանների փաստաբանից։ Ընդ որում՝ իրավապահները քուզարկություն են կատարել նաեւ Գուրգեն Խաչատրյանի զոքանչի բնակարանում։
Վերջին 2-3 ամիսների ընթացքում սա արդեն խուզարկությունների երկրորդ փուլն է. առաջին անգամ դրանք կատարվել են փետրվարին, երբ Գ.Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց խարդախությանն օժանդակելու համար։
Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ խուզարկությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։
Ի դեպ, նախատեսվող խուզարկությունների մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր դեռ երեկ՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ավելին՝ դրանց համաձայն՝ վարչապետն իր մոտ է կանչել նաեւ ԲԴԽ նախագահին ու հանձնարարականներ տվել՝ «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար։
Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց, որ ԱԱԾ-ն որոշում է կայացրել Գ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու մասին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։
Փաստաբանները ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար:
Նոր մեղադրանքը վերաբերում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ինչը փաստաբանն աբսուրդ որակեց. «Եթե Սեդրակ Առուստամյանը հետ ստանա այս փոխառության գումարները՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կասեն, կասեն կաշառքը հե՞տ վերցրեց։ Ակնհայտ աբսուրդ է»։
Հիշեցնենք` որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։