ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հնարապետությունում հայտարարված արտակարգ դրությունը։
Նշվում է, որ Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Համաձայն որոշման՝ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639 առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ ՀՀ-ում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ Կառավարությունը որոշում է երկարաձգել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: