Հունիսի 21-ին «Տաշիր» բարեգործարական հիմնադրամը շնորհավորել է բուժաշխատողների օրվա կապակցությամբ և հայտարարել է Հայաստանի Շտապօգնության պետական ծառայության բժիշկներին, բուժաշխատողներին և վարորդներին դրամական օժանդակության տրամադրման մասին: Ընդհանուր՝ 150 մլն դրամի (300 հազար ԱՄՆ դոլար) չափով ֆինանսական աջակցություն կստանան Շտապօգնության 1346 աշխատակիցներ:
Այս մասին նշվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ այս նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, որոնք ուղղված էին Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցմանը, «Տաշիր» ընկերությունների խմբի և համանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնություններն են:
«Ծանր ժամանակաշրջանում ժողովրդին աջակցելը մեր առաջնային խնդիրն է։ Մենք միշտ անելու ենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի նման բարդ իրավիճակներում աջակցենք բժիշկներին և պաշտպանենք մարդկանց առողջությունն ու կյանքը», — ընդգծել է գործարարն ու բարերարը։
«Տաշիր» հիմնադրամը երկրում կորոնավիրուսային վարակի տարածման մասին տեղեկատվության ստացումից անմիջապես հետո բոլոր մակարդակներում միացել է օգնության տրամադրմանը: Առաջին օրերից աջակցություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատությունները և վիրուսի դեմ պայքարի կառավարական տարբեր հիմնադրամները, այլև անձամբ բժիշկները, բնակչության առավել խոցելի շերտերը և սոցիալական աջակցության կառույցները, մասնավորապես՝ ծերանոցները, տուն — ինտերնատները և այլն:
Արդեն մարտի սկզբին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին հատկացվել է 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար)՝ անձնակազմին խրախուսելու և բուժհաստատությունը կահավորելու համար։ Այնուհետև ևս 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) է հատկացվել կորոնավիրուսին վարակի տարածման դեմ պայքարի համար ստեղծված պետական հաշվեհամարին։
Մարտի 16-ին «Տաշիր» հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ պաշտպանական անհրաժեշտ միջոցներ (պաշտպանական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, ջերմաչափեր և այլն) է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, Երևանի թիվ 1 և «Նորք» տուն-ինտերնատներին, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին:
Ավելի ուշ հիմնադրամը 50 մլն դրամի (100 հազար ԱՄՆ դոլար) լրացուցիչ միջոցներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարին, մյուս մասը՝ Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով չէին կարողացել ժամանակին հայրենիք վերադառնալ։ Ընդ որում, Հայաստանի քաղաքացիների զգալի մասը մի քանի շաբաթ ստիպված են եղել գիշերել Մոսկվայի օդանավակայաններում։ Այս խնդիրը լուծելու համար «Տաշիր»-ն ընթացիկ տարվա մարտ-հունիս ամիսներին կազմակերպել է անհրաժեշտ թվով չարթերային չվերթներ դեպի Հայաստան։
Նշվում է նաև, որ «Տաշիր»-ը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի առողջապահության ոլորտի սոցիալական նշանակության ծրագրերին։ Գործունեության 20 տարիների ընթացքում համանուն հիմնադրամը մեծ թվով ծրագրեր է իրականացրել այս ոլորտում, կառուցվել են հասարակական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ բժշկական և կրթական հաստատություններ, ծննդատներ և վերականգնողական կենտրոններ:
Այսպես, 2013 թվականին «Տաշիր» ընկերությունների խումբը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մայրաքաղաքում կառուցել է եզակի բժշկական կենտրոն, որը կարող է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը համաշխարհային առաջատար կլինիկաների չափանիշներին համապատասխան: Մոտ 10 հազար քմ մակերեսով բժշկական կենտրոնը կառուցվել է հնարավորինս սեղմ ժամկետում և հագեցած է նոր սերնդի բուժական-ախտորոշիչ, վիրաբուժական և վերակենդանացման նորագույն սերնդի սարքավորումներով: Ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում նմանը չունեցող կլինիկան ստացել է նաև երկու ժամանակակից վերակենդանացման ավտոմեքենաներ՝ առաջին նման կարգի մեքենաները, որոնք թույլ են տալիս օգտագործել արագ բժշկական արձագանքման ամենաառաջադեմ չափանիշները: Այսօր կլինիկան շարունակում է մնալ տարածաշրջանում ամենապահանջված հիվանդանոցներից մեկը։
Ավելի վաղ, 2012 թվականին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին՝ լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար: 2017 թվականին հիմնադրամն աջակցել է Երևանում վիրավորված զինծառայողների և զինհաշմանդամների համար ժամանակակից վերականգնողական կենտրոնի բացմանը: Շարունակում են աջակցություն ստանալ Հանրապետության առողջապահության ոլորտի բազմաթիվ այլ նախաձեռնություններ։