Հուլիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այստեղ հավաքված Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները պահանջում էին իրենց տրանսպորտային միջոցներ տրամադրել Ռուսաստան մեկնելու համար։
Քաղաքացիները հանդես են եկել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված հավաքական ուղերձով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մենք՝ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներս, չարտերային և տարհանման չվերթերի բացակայության պատճառով ՌԴ այցելելու ֆիզիկական հնարավորություն չունենք։
Դրա հետ մեկտեղ մենք իրավունք ունենք այցելելու ՌԴ։ Այսպես, շատ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության տարածքում մնացել են առանց ապրուստի միջոցների, նրանցից ոմանք ՌԴ տարածքում մնացած ընտանիքների միակ կերակրողներն են տարեց ծնողների, որոնք խնամքի կարիք ունեն»։
Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել են քննարկել Ռուսաստան իրենց վերադարձի կազմակերպման հարցը և որոշման մասին հայտնել մինչև հուլիսի 29-ը ներառյալ: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն բողոքի ակցիան Բագրատաշենի մաքսային կետի մոտ՝ մինչև հասնեն ցանկալի արդյունքի։
Իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանատունն, ըստ էության, ինքնամեկուսացել է և չի կատարում ՌԴ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու իր ուղղակի գործառույթները:
Իրավապաշտպանը կոչ է արել Հայաստանի կառավարությանը, ՀՀ ԱԳՆ-ին, ինչպես նաև Վրաստանի իրավասու կառույցներին միավորել ջանքերը և լուծել այդ հարցը, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ: