ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի ունեցած նիստում որոշեց 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2020 թվականին ինն ամսում հատկացնել 277 մլն 618, հազար դրամ։
Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման և վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302 մլն 618,7 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարության հուլիսի 23-ի որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է:
Նախատեսված 277 մլն 618.7 հազար դրամ գումարից 274 մլն 737.8 հազար դրամն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին, իսկ 2 մլն 880.9 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության իրականացմանը:
277 մլն 618.7 հազար դրամ, որից 110 մլն 581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84 մլն 357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ 82 մլն 680.0 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը: