«Ազատության» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Covid19 համավարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման մասին։ Ըստ նրա, դրան կարող են նպաստել մարդկանց մեծ շարժերը՝ տնտեսական գործունեության ակտիվացումը, դպրոցների բացումը և ցուրտ սեզոնը։
«Մենք հասկանում ենք, որ առանց դասերի վերսկսման կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ: Անցյալ կիսամյակի դասապրոցեսից հասկացանք, որ հեռակա կրթությունը չի կարող փոխարինել առկա կրթությանը, բայց միաժամանակ պետք է համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է», – նշել է նախարարը:
Թորոսյանն ընդգծեց, որ, եթե ունենանք օրական նույնիսկ 1000 նոր դեպք, առողջապահական համակարգը պատրաստ է սպասարկելու բոլոր հիվանդներին, սակայն պետք է ամեն ինչ արվի, որ որևէ նոր դեպք չգրանցվի։
Անդրադառնալով կորոնավիրուսից մահվան ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ մահվան ցուցանիշների աճ չի գրանցվել, ընդհակառակը՝ կրճատվել է. իրավիճակը կայուն է, և առավել հաճախ մահանում են 20-30 օր անընդմեջ բուժվող անձինք: