ԵՊՀ-ն այս տարի միայն առաջին կուրսեցիների համար ուսման վարձը բարձրացրել է։ Վարձերն ավելացել են գրեթե բոլոր ֆակուլտետներում։
Երևանի պետական համալսարանի լրատվության վարչությունից Armenia Today-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչև 100․000 և ավելիի։
Եթե նախկինում նվազագույն վարձը բուհում 430 000 դրամ էր, այսօր այն դարձել է 500․000 դրամ։
Այսպիսով՝ ամենամատչելիները ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության, պատմության, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, ռուս բանասիրության, աստվածաբանության և քիմիայի ֆակուլտետներն են։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում վարձերը թանկացել են 70.000-ից մինչև 90․000-ի սահմաններում, օրինակ՝ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժիններում նախկին 430․000-ը դարձել է 500․000, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի դեպքում՝ 540․000-ը՝ 650․000։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում (նախկին ռոմանագերմանական բանասիրության) վարձավճարի չափերը հիմնականում կրկնվում են, այստեղ պահպանվել է նախկին 600000-ը, առանձին բաժիններում վարձը դարձել է մինչև 660․000 դրամ։
Նույն մասնաշենքի արևելագիտության ֆակուլտետում վարձերն ավելացել են՝ 50 000 դրամով՝ դառնալով 650․000։
Մեզ տրամադրած փաստաթղթից պարզվում է, որ համեմատաբար ավելի շատ վարձ են վճարելու միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և կառավարման, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, իրավագիտության ֆակուլտետների և մեկ առանձին բաժնի դիմորդները։
Իսկ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսանողներն առաջվա՝ 540․000-ի փոխարեն կվճարեն 700․000 դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել էր վարձավճարների բարձրացման պատճառը։
Մասնավորապես, նա նշեց, որ ուսման վարձերի թանկացրել են, քանի որ համալսարանը ևս կորոնավիրուսի հետևանքով տուժել է։ Վարձավճարի չափից դժգոհող ուսանողների վերաբերյալ էր նշել էր, որ համաձայն չլինելու դեպքում պայմանագիր չէին ստորագրի։ Գեղամ Գևորգյանը դժգոհությունները մեղմելու նպատակով հայտարարել է, որ վարձերի բարձրացման արդյունքում դասախոսների և դեկաների աշխատավարձն ավելանալու է։
Բայց պարզվում է, որ համավարակից միայն ԵՊՀ-ն է տուժել։
Armenia Today-ը փորձեց պարզել, թե մյուս բուհերում արդյոք վարձավճարների փոփոխություններ եղել են։
- Պոլիտեխնիկում վարձավճարների փոփոխություն չի եղել։
- Մանկավարժական համալսարանը չի գնացել ԵՊՀ-ի ճանապարհով և վարձավճարների ցանկում գնային փոփոխություններ չի կատարել։ Բայց նախորդ տարի է մանկավարժականում վարձավճարները թանկացել։
- Բժշկական համալսարանը նույնպես վարձերը չի բարձրացրել։