2020 թվականի հուլիսից մեկնարկել են Մարտունիում նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանանքները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արցախ ուղևորվելու ճանապարհին այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Facebook-յան էջից։
Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:
Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:
Նշվում է, որ նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում են Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը վաղը ներկա կլինի Արցախում ՀՀ կառավարության կողմից նվիրաբերած շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը։