Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախատեսում են փակել պահել Կիրանց գյուղին հարող ճանապարհահատվածը, լրագրողների հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Ժողովուրդը որոշել է գիշերել այստեղ, մնալ՝ իր հարցերը լուծելու համար։ Ժողովուրդը ոչ մի տեղ չի գնա և չի պատրաստվում հեռանալ»,- ասել է նա՝ նշելով, որ բնակչությունը «չի լռելու» և «զայրացած է»։ «Ճանապարհից մենք չենք գնալու»,- ընդգծել է Մախսուդյանը։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ասել է, որ ցուցարարները շարունակելու են փակ պահել ճանապարհը. «Շարունակելու ենք փակ պահել ճանապարհը, մենք պետք է ավելի շատ ուժեր կենտրոնացնենք դրա շուրջ և տարածենք Հայաստանի տարբեր կետերում»։
Ցուցարարներից մեկը հայտնել է, որ բանակցություններից ու բախումներից հետո ցուցարարները փակել են Վրաստանի հետ սահմանամերձ Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։
Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն սկսելու Հայաստանի իշխանությունների որոշումից և ՀՀ վարչապետի գրասենյակի հայտարարություններից հետո, որ այս գործընթացի արդյունքում «ադրբեջանական սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին», Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել։
Ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։
Ապրիլի 21-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքող բնակիչները Տավուշի մարզում ճանապարհներ են փակել։ Իջևանի ճանապարհին բախում էր սկսվել։
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել են գյուղի հարակից ճանապարհը՝ չթողնելով, որ Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար ականազերծման աշխատանքներ իրականացվեն։