Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 119 կողմ ձայնով ընդունեց «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որով նախատեսվում է, որ 16 տարին լրացած երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, ինչը նա պետք է տա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով տվյալ երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները, այդ տեղեկությունները չեն վնասի նրան, և կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը: 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նախատեսվում է, որ երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ներկայացնելով նախագիծը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է: