Այսօր Beeline և Viva MTS կապի օպերատորների բաժանորդներն ունեցել են ինտերնետ կապի հասանելության խնդիր։
Beeline ընկերությունից հայտնում են, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները, որի արդյունքում բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև՝ ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:
«Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում: Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով»,- հայտնում են ընկերությունից։
Armenia Today-ին Viva MTS-ից ասացին՝ այսօր ունեցել են ինտերնետ ծառայությունների հետ կապված տեխնիկական խնդիր, որը տևել է 20-25 րոպե և շատ արագ լուծվել է։