Ֆրանսիացի 15 խորհրդարանականներից բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 24-27-ը կայցելի Հայաստան և Արցախ, հայտնում է Nouvelles d’Arménie- ն:
Այցի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
«Մեր երկիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պետք է լուծում գտնի կովկասյան երկու երկրների միջև առկա հակամարտության համար: Մենք ունենք մեծ դիվանագիտական և հումանիտար պատասխանատվություն»,- նշել է պատվիրակության անդամ, Մակրոնի կուսակցությունից պատգամավոր Ֆլորենս Պրովանդիեն:
Նա ասել է, որ մտածում է հայ համայնքի մասին, որը տառապում է այն հարձակումներից, որոնց ենթարկվում են իրենց հայրենակիցները:
«Այս դիվանագիտական այցը վկայում է մեր աջակցության, ինչպես նաև համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռելու այս սարսափելի հակամարտության վրա, որը շարունակվում է Եվրոպայի դարպասների մոտ»,- շեշտել է Ֆլորենս Պրովանդիեն: