«Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները մոտ ժամանակներս կվերցվեն ոստիկանության պահպանության տակ։ Կոչ ենք անում բոլորին, հատկապես Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին՝ մնալ միմյանց հանդեպ հանդուրժող վերաբերմունքի մեջ»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։
Նշվում է, որ այսօր գիշերը Խարկովի մարզի ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության շենքը գնդակոծել են անհայտ անձինք: Այժմ շարունակվում է մինչդատական հետաքննությունը, որը սկսվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 296 – րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է հրազենի կիրառմամբ): Հոդվածը նախատեսում է պատիժ՝ 3-ից 7 տարի ժամկետով ազատազրկման տեսքով։
«Ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի ձերբակալի այդ հանդուգն հանցագործությանը մեղսակից անձանց և իր ջանքերն է ուղղում մեր պետության տարածքում միջէթնիկական հակամարտություններ թույլ չտալու համար»,-նշել է Կլիմենկոն։