Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի որդին՝ Կարլեն Սարգսյանը Facebook-յան իր էջում ադրբեջանցիների կողմից սպարապետի արձանի պղծման կապակցությամբ գրառում է կատարել, որում ասվում է.
«Ժողովուրդ ջան, Ձեր ցավը տանեմ: Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքը, հավատացեք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք:
Մենք իշխանություն չենք, ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, Պաշտպանության ու մշակույթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում էլ համաձայն էինք պայթեցնել:
Ասեմ ավելին, նույնիսկ առանց տեղափոխելու խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց:
Ժողովուրդ ջան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ չենք մտածել, բայց պիտի Հայաստանի ու Արցախի իշխանությունները օգնեին: Ինչ անենք, իրենք հանձնելուց գիտեին, գոնե հանձնելուց պիտի տրաքացնեին կամ պայմանավորվեին և նախօրոք տեղափոխեին, նոր հանձնեին»,-գրել է Վազգեն Սարգսյանի եղբորորդին:
Նա նշել է, որ ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ է ասել, որ եթե զգան, որ ազերիները մտնում են Շուշի՝ տրաքացնեն արձանը, որ մեր հերոսը, Արցախն ազատագրած մեր Սպարապետը բազմաթիվ հայ քաջորդիների հետ չմնա ազերիների ձեռքում:
«Ժողովուրդ ջան, խոսքերով չէ, որ պետք է արտահայտվեմ, թե ինչ ցավ է կուտակված մեջ, թե՛ Սպարապետի, թե՛ մեր հերոս ու առյուծ տղերքի ազատագրած Արցախի ամեն մի թիզ հողի համար կենացմահու պայքար տված բազմաթիվ հերոսների շիրիմներ նույնպես մնացին թշնամուն:
Խոնարհվում եմ 90-ական թվականների, Ապրիլյան ու այս պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած բոլոր նահատակվածների շիրիմների առաջ:
Ազատագրված Արցախը հանձնած ստահակները պատժվելու են ինչպես երկրային, այնպես էլ երկնային կյանքում»,-հայտարարել է Կառլեն Սարգսյանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։