Մամուլը կրկին շրջանառության մեջ է դրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի վերաբերյալ լուրը։ Ավելին, արդեն խոսվում է նաև այն մասին, թե ով է քաղաքապետին փոխարինող հավանական թեկնածուն։ Ըստ տարածվող լուրերի՝ Մարությանին կփոխարինի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստացած Արմեն Կոտոլյանը։
«Armenia Today»-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը, մեր հարցերին ի պատասխան, ասաց․
«Ես բամբասանքները չեմ մեկնաբանում»։
Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ իրենց համար նման լուրերի շրջանառումը սովորական երևույթ է դարձել, քանի որ այդպիսի լուրեր տարածում են նույն լրատվամիջոցները՝ արդեն երկուսուկես տարի շարունակ։
Նշենք, որ մամուլը գրել էր այն մասին, որ վարչապետը դժգոհ է Հայկ Մարությանի կատարած աշխատանքից և հնարավոր է՝ քաղաքապետը թողնի պաշտոնը՝ այդպես էլ չվերադառնալով արձակուրդից: Քանի դեռ չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, և Երևանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։