Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ 1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր և հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:
«Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ-ը նաև անդրադարձել է այս բռնարարքների դատապարտմանը.
Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից ստորագրված բաց նամակը հրապարակվեց 1990 թ. սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում։ Նամակի հեղինակներն իրենց բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը:
«Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը և միջազգային հանրությանը կոչ անում պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի։