ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է:
«Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն: