ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչպես են Հայաստանի և Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ կազմակերպել Բաշկիրիայում գտնվող երկու հայ երեխաների վերադարձը Հայաստանում գտնվող իրենց ծնողների մոտ։ Այս մասին ՀՀ ՄԻՊ-ը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում։
Թաթոյանը նշել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո իրեն դիմեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ իր 8 և 15 տարեկան երեխաները Ռուսաստանում մնացել են մենակ տանը՝ առանց ծնողական խնամքի, և սահմանափակումների պատճառով չի կարողանում իր կնոջ հետ մեկնել երեխաների մոտ, իսկ երեխաները չեն կարողանում Հայաստան գալ:
«Պարզվում է՝ մինչև սահմանափակումները ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց երկու անչափահաս երեխաների խնամքը մի քանի օրով վստահել էին հարևանին, եկել Հայաստան անհետաձգելի գործով, բայց արտակարգ դրության պատճառով չվերթները չեղարկվել էին. Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, իսկ Ռուաստանն ընդունում է միայն իր քաղաքացիներին, իսկ հարևանը չի կարող փոխարինել ծնողական խնամքը»,- գրել է Թաթոյանը՝ հավելելով, որ չէր ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ուշացնեին օգնությունը։
ՄԻՊ-ը հայտնում է, որ անմիջապես սկսել են տարբեր ուղղություններով գրավոր ու բանավոր աշխատանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, տեղեկացրել նաև Արտաքին գործերի նախարարությանը և Պարետատանը
«Նախ, իմ անձնական խնդրանքով երեխաներին այցելեց և սնունդ փոխանցեց Բաշկիրիայի մարդու իրավունքների հանձնակատարը: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկեցինք չարթերային թռիչքով երեխաներին Հայաստան ապահով տեղափոխելու հարցը, բայց մինչ այդ անհրաժեշտ էր կազմակերպել երեխաների տեղափոխումը Մոսկվա: Ունեինք ընդամենը երեք օր այդ ամենի համար…»,- նշել է Թաթոյանը։
Պաշտպանը հայտնել է, որ իր աշխատակազմն արագ կազմակերպեց մի քանի կարևոր փաստաթղթերի ձևակերպումները և դրանք ուղարկեցին Մոսկվա, որպեսզի մեր դեսպանությունը սկսի գործընթացը:
Այնունհետև կարգավորվել է ավիատոմսերի հարցը, և Բաշկիրիայի հանձնակատարը հաջորդ օրն անձամբ երեխաներին տարել է օդանավայան ու ճանապարհել է Մոսկվա:
«Դրանից հետո, շնորհիվ Ռուսաստանում Հայաստանի դեպասնի ստրացավ մոտեցման՝ Մոսկվայի օդանավակայանում երեխաներին դիմավորեցին արդեն մեր դեսպանության ներկայացուցիչները: Կազմակերպեցին երեխաների ապահով գիշերելը Մոսկվայում: Հաջորդ առավոտյան երեխաներն ապահով տեղափոխեցին Հայաստան»,- նշել է պաշտպանը՝ հավելելով, որ բոլոր փաստաթղթերի ձևակերպումների հարցերով դեսպանի հետ գիշեր-ցերեկ եղել են կապի մեջ:
Առողջապահության նախարարության հետ քննարկվել է երեխաներին և նրանց մեկուսարան տեղափոխելու հարցը՝ նրանց Հայաստան ժամանումից հետո։
«Այս պահին երեխաներն իրենց լավ են զգում. մայրիկի հետ 14-օրյա ինքնամեկուսացման մեջ են։ Երեկ նորից խոսել եմ հոր, իսկ այսօր նաև երեխաների մայրիկի հետ: Ամեն անգամ, երբ ևս մի քայլով մոտենում էինք երեխաների ու ծնողների վերամիավորմանը, բոլորս մեծ ոգևորություն էինք ապրում, քանի որ այդպիսի իրավիճակում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, իսկ այդ երեխաների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրի երեխան․․․»,- գրել է պաշտպանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2019 թվականին 13140 դիմում-բողոք ենք ստացել․ այդ գործերից յուրաքանչյուրի հետևում յուրօրինակ մարդկային պատմություններ են։