ՀՀ Զինված ուժերում երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակի երեք դեպք, ևս երկու դեպք արձանագրվել է այսօր։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ նաև պարզաբանում էր ներկայացրել ԶՈՒ-ում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։
ՀՀ Զինված ուժերում վարակի դեպքերի տեղեկատվության հրապարակման, ԶՈՒ-ն վարակի լայն տարածումից պաշտպանելու միջոցառումների, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի դիտարկումների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ։
-Պարոն Եղիազարյան, ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակման տվյալների հրապարկումը որքանո՞վ է նպատակահարմար։ Անվտանգային առումով ի՞նչ նշանակություն կարող է դա ունենալ։
Վերջին շրջանում ֆեյսբուքում և այլ հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից հայերի անվան տակ հրապարակվող կեղծ տեղեկությունները հասարակության շրջանում որոշակի անհանգստություն են առաջ բերել, ուստի ԶՈՒ-ում վարակի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առաջին աղբյուրը պետք է լինի Պաշտպանության նախարարությունը:
Մեզ համար գլխավորն այն է, որ մեր մեդիադաշտը չտրվի ադրբեջանական սադրանքներին և հակառակորդի տեղեկատվությունից օգտվելով՝ հրապարակումներ չկատարի։
– Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է իրականացվեն ԶՈՒ-ն վարակի լայն տարածումից պաշտպանելու համար։
Հասկանալի է, որ այս պամաններում ԶՈՒ-ն պետք է շարունակի իր բնականոն ծառայությունը, սակայն պետք է անվտանգային որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն։
Պետք է որոշակիորեն փոփոխվի զորանոցային կյանքը, մահճակալները պետք է տեղաբաշխվեն իրարից հնարավորինս հեռավորության վրա, շարահրապարակում շարվելու կարգը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի՝ ըստ անհրաժեշտության, զինծառայողների համար պետք է սահմանվեն անհատական սպասք և այլն։
– Մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկումները ժամանակավորապես դադարեցնում է։ Արդյոք դիտարկումների ժամանակավոր դադարեցումը հակառակորդը չի դիտարկի՞ որպես վերահսկողության մեխանիզմի թուլացում։
Նախ, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, պետք է ըմբռնումով վերաբերել դիտորդների նման որոշմանը։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ մեր հակառակորդը կարող է նման համամարդկային խնդրի ժամանակ դիմել սադրանքների, և այդ ամենը չեզոքացնելու համար պետք է զգոնությունը մեծացնել հայ-ադրբեջանական շփման գծում։