ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար ֆինանասավորման դադարեցման ԱՄՆ կառավարության որոշմանը։ Դեսպան Թրեյսին գոհունակությամբ նշել է, որ Արցախում իրականացված ականազերծման ծրագիրը բավականին արդյունավետ է եղել, սակայն այժմ դիտարկում են այլ ծրագրեր, որոնք կօգնեն գտնել տևական և արդարացի լուծում` այս երկարատև հակամարտության համար։
Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման պատճառների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված նոր ծրագրերի վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանի հետ։
1․ Լին Թրեյսին գոհունակությամբ նշում էր, որ Արցախում իրականացված ականազերծման ծրագիրը բավականին արդյունավետ է եղել։ Այս համատեքստում, ինչու՞ որոշվեց դադարեցնել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը։
Նախ պետք է նշել, որ Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը հենց սկզբից ունեցել է հստակ սահմանված նպատակ և վերջնաժամկետ։ Ականազերծման աշխատանքների վերջին ֆինանսավորումը եղել է 2017 թ․, դրանից հետո որևէ տվյալ չկա ֆինանսավորման մասին։ 2018 թ․ հարցում է ուղարկվել ամերիկյան կողմին ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ, և նրանք նշել են, որ ծրագրով սահմանված նպատակների մոտ 99%-ն իրականացվել է։ Արդեն երկու տարի է հայտարարվում է, որ ականազերծման ծրագրի ֆինանսավորման ժամկետն ավարտվում է և, ըստ այդմ, ծրագրի դադարեցումը կանխատեսելի քայլ էր։ Ծրագրի ավարտը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն իրականացվեցին ուսումնասիրություններ, ամփոփիչ աշխատանքներ իրականցնելու համար ծրագրի ժամկետը երկարեց և 2020 թ․ ավարտվեց։
Սակայն շատ կարևոր փաստ է, որ ծրագիրը համարվում է հաջողված։ «Halo trust»-ը շարունակելու է իր գործունեությունը Ղարաբաղում․ պետք է իրականացնեն նոր հետազոտություններ, նոր ծրագրեր կազմեն և ըստ անհրաժեշտության՝ նոր ականազերծումներ իրականացնեն։
2․ Հնարավո՞ր է կազմել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հակամարտության համար տևական լուծում կառաջարկեն։ Որքանո՞վ արդյունավետ կլինեն այդ ծրագրերը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները։
Շատ կարևոր է, որ ԱՄՆ կողմից պատրաստակամություն կա Արցախում այլ ծրագրեր իրականացնելու, կարծում եմ՝ սա արդեն բանակցությունների խնդիր է։ Ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ միջազգային դոնորները ուսումնասիրում են մարդկանց կարիքները ու ծրագրերի իրականացման ոլորտները և ըստ այդմ՝ հանդես են գալիս առաջարկներով։ Կարծում եմ՝ նաև հայկական կողմերն էլ պետք է նախաձեռնող լինեն։
Ըստ մեր ունեցած տվյալների՝ հայկական կողմը նախաձեռնություններով հանդես է գալիս, բանակցությունները շարունակվում են։ Գիտենք որ կոնգրեսականները նույնպես եղել են Արցախում և այս փուլում քննարկում են՝ ինչ մարդասիրական աշխատանքներ կարող են իրականացնել։
3․ Նշվում է, որ նոր ծրագրերն ուղղված են լինելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն։ Հայկական կողմը և՛ խաղաղասիրական նախաձեռնություններով է հանդես գալիս, և՛ մշտապես հայտարարում է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման մասին։ Ինչու՞ է քննարկվում հենց հայկական կողմի հետ նման ծրագրերի իրականացումը։
Նման ծրագրեր կոնֆլիկտի կողմերի հետ հավասարապես պետք է իրականացվեն։ Խաղաղության նախապատրաստման աշխատանքներ պետք է տարվեն առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ, բայց սա չի նշանակում, որ հայկական կողմի հետ ընդհանրապես աշխատանքներ չպետք է տարվեն։ Եթե այդ ծրագրերը նպաստեն Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ՀԿ-ների տարածմանը, ապա դա ինքն իրենով կարող է դրական լինել, որովհետև ՀԿ-ների գործունեությունը հետագայում կարող է նպաստել այլ ոլորտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության գիտակության բարձրացմանը և այլն։
Վարդուհի Մկրտչյան