Մի քանի օր առաջ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) Հայաստանի Հանրապետության Քաղաքական ավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկեց Հայաստանի տարածքում գործող երկու հիմնական ավիաընկերություններին` Armenia Aircompany-ին և Atlantis European Airlines-ին լիցենզավորելու իրավունքից։ Որոշման համաձայն՝ այդ ավիաընկերությունները չեն կարող դեպի ԵՄ երկրներ ուղևորափոխադրումներ իրականացնել։
EASA-ի նման որոշման արդյունքում Հայաստանում տարբեր քննարկումներ սկսվեցին․ որոշ փորձագետներ ստեղծված իրավիճակում մեղադրում են Քաղավիացիայի կոմիտեի ներկայիս ղեկավարությանը, մյուսները` հակառակը, խոսում են համակարգային կոռուպցիայի մասին, որը խարխլել է ավիացիայի հիմքերը։
Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Armenia Today-ը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ։
1․ Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ՀՀ Քաղավիացիայի շուրջ ստեղծվել և ո՞ր խախտումների դեպքում է EASA-ը նման որոշում կայացնում։
Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը երկար ժամանակ է` ինչ նման զգուշացումներ է տալիս ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին, և այս պատմությունը նոր չէ։ Գործակալության կողմից արձանագրված խնդիրները վերաբերում են զենքի, թմրանյութի տեղափոխմանը և այլն։ Նման վերահսկողություն իրականացվում է հակամարտության գոտիներում գտնվող երկրների նկատմամբ։ Արևելյան գործընկերության պայմանագրի մեջ մտնող բոլոր երկրների նկատմամբ իրականացվում են նման ստուգումներ։ Այս ստուգումներն էլ պայմանավորված են նրանով, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մայիսին Հայաստանը ներգրավել ԵՄ բաց երկնքի քաղաքականության մեջ։
Այս ստուգումների ընթացքում քաղավիացիայի նախորդ ղեկավարությունը ընդհամենն աչքակապությամբ է զբաղվել։ Ներկայիս ղեկավարի՝ Տաթևիկ Ռևազյանի, «մեղք»-ն այն է, որ նա ներհայաստանյան նախկին քաղաքական անցուդարձին չի հետևել։
Կցանկանայի ընդգծել նաև, որ պետական մարմնին՝ տվյալ դեպքում Քաղավիացիայի կոմիտեին, ոչ մեկ չի կարող զրկել արտոնագրից։
2․ Որտեղի՞ց են գալիս այս խնդիրների արմատները։
Այս աղմուկն առաջինը բարձրացրին ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ, և դրա դրդապատճառներն էլ հայտնի են․ փորձում են նսեմացնել այսօրվա իշխանությանը և չներկայացնել նախկին իշխանությունների բացթողումները։
Այստեղ արտոնագրի հարցն է․ արտոնագիր է տրվում ապօրինի գործունեությամբ զբաղվող ավիաընկերություններին։ Բոլորին հայտնի փաստ է քաղավիացիայում կոռուպցիան, կաշառակերությունը, ավիաընկերությունների գրանցման, օդաչուներին արտոնագիր տրամադրելու շուրջ տեղի ունեցած աղմուկը։
3․ Ինչպիսի՞ քայլեր պետք է իրականացնի Քաղավիացիայի կոմիտեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում առաջացած խնդիրներին լուծում տրվի։
Կարծում եմ երկու հիմնական քայլերով է հնարավոր դա իրականացնել՝
1․ Ապօրինի գործունեությամբ զբաղվող ընկերություններին պետք է զրկել արտոնագրերից։
2․ Պետությունը պետք է ստեղծի իր ազգային փոխադրողը․ ազգային ավիացիան մեզ համար կարևոր նշանակություն ունի՝ ազգային անվտանգության տեսանկյունից։
1990-ական թթ․ ավիացիան է մեզ փրկել երկրաշարժի, պատերազմի, էներգետիկ շրջափակման ճգնաժամից։ Այսօր արդեն պետք է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան ավիացիա։
Նշենք, որ այս տարվա փետրվարին EASA–ի մասնագետները Կոմիտեում աուդիտ են անցկացրել` թռիչքների սպասարկման անվտանգության մակարդակը ստուգելու համար։ Աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը։ Բացահայտված թերությունների հիման վրա Հայաստանի ավիացիոն իշխանությունները մարտին, երբ պատրաստ էր EASA–ի զեկույցը, «կարմիր քարտ» էին ստացել։
Վարդուհի Մկրտչյան