Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառավարությունից իրեն 60% երաշխիք են տվել, որ սահմանազատման դեպքում ադրբեջանական կողմում տուն չի հայտնվելու։
«Փաշինյանի հետ հանդիպումից ես ուշ եմ դուրս եկել, ինձ խոստացել են երկու օրից հետո հստակ տվյալ ասել։ Այսօր կառավարությունից ինձ ասել են, որ 60 %-ով բնակարան չի ընդգրկվելու սահմանազատման մեջ»,- ասել է Շահինյանը։
Նրա խոսքով՝ նախնական քարտեզով երկու բնակելի տուն էր անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, «բայց հարակից 8 բնակավայր շատ մոտ են ու անհնարին է լինելու այնտեղ ապրել»։
«Նախկին քարտեզը փոփոխություն է ենթարկվել, հիմա կոնկրետ չեմ կարող ասել, այն ժամանակ 57 սեփականաշնորհված հողատարածք էր, ընդհանուր 14 հա 700 մետր տարածք»,- հայտնել է նա։
Կիրանցի ղեկավարը նաև նշել է, որ խորհրդային քարտեզներով կամուրջը հայկական կողմում էր, բայց առաջարկվող քարտեզով կամուրջն էլ է անցնում Ադրբեջանին։ Նա տեղյակ չէ, թե ինչ քարտեզով է սահմանազատումն արվում։
Խոսելով բնակիչների անվտանգության մասին՝ Շահինյանը հայտնել է, որ կառավարությունից խոստացել են՝ «եթե Ձեզ պետք լինի, որ ամեն մետրի վրա մի հոգի կանգնի, կանգնելու է»։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Ապրիլի 29-ին վարչապետի հետ հանդիպումից կիրանցիները մտահոգ ու վրդովված էին դուրս եկել։ Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է «համատեղ քննարկումների միջոցով» լուծել խնդիրները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել էր, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։ Նրա խոսքով՝ մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին ու շոկի մեջ են։ Բացի դրանից, կիրանցիների արած ողջամիտ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։ Բնակիչներից մեկը լրագրողներին ասել է, որ ոչ մի նոր բան չկա։ «Այդ մարդիկ այնտեղ չեն ապրելու»,- նշել է բնակչուհին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։