Վրաստանը Հայաստանին առաջարկել է օգտագործել «Ռիչարդ Լուգարի» անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի հնարավորությունները COVID-19-ում Հայաստանի քաղաքացիների թեստավորման համար:
Ինչպես հաղորդում Է Reuters-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա ասել է, որ վրացական կողմը կարող է ամեն օր 500-1000 թեստավորում անցկացնել Հայաստանի քաղաքացիների համար Վրաստանում կամ հայկական կողմին փոխանցել կորոնավիրուսի 10 000 թեստ:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Թբիլիսին քննարկում է հարեւան Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը, համապատասխան հանձնարարականն արդեն տրվել է Առողջապահության նախարարությանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմի օգնությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 11-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ: Նախարարները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, մտքեր են փոխանակել ազգային մակարդակով այդ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են փոխօգնության հնարավորությունները։