Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն ստեղծելու իշխանության մեգանպատակը «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը բարի նպատակների ցանկություն է համարում։
Նա Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ ռազմավարություն չի տեսնում, քանի որ չկան նշված, թե ինչ մեխնիզմներով են պատրաստվում մինչև 2050 թվականը ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնել։
Սարգիս Սեդրակյանը նաև ՀՀ ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահն է, նախորդ կառավարության հետ արդյունավետ համագործակցել են՝ ծրագրեր մշակել։ Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները երկրի զարգացման ռազմավարությունը մշակելիս իրենց կարծիքները հաշվի չեն առել։
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը ֆերմերներին ուղղված վարչապետի ծրագիրն աբսուրդի ժանրից է համարում։ Նրա դիտարկմամբ՝ պատասխանատու պետք է լինեն ոչ թե ֆերմերները, այլ՝ պետությունը։
«Երազանքներ են և բառերի շռայլություն։ Ռազմավարական ծրագիրը պետք է կոնկրետություն ունենա, թե այսինչ մարզի, այսինչ համայնքում ո՛ր ծրագիրը պետք է իրականացվի։ Պետք է ներկայացվի ծրագրի անվանունը, որքան ֆինանսավորում է հատկացվելու, ինչ ժամանակամիջոցում են փորձելու իրագործել այդ ծրագիրը։ Այս կետերը, սակայն, բացակայում են ռազմավարական ծրագրից։ Ֆերմերին անտեր են թողել՝ պատասխանատվությունից են խոսում։ Առաջին հերթին պետությունն է պատասխանատուն։ Պետությունը ոչ մի անգամ չի գնացել, տեսնի՝ ֆերմերի հողը պիտանի է, թե՝ ոչ։ Հողը կենսաբանական օրգանիզմ է, որը հնարավոր է վարակվի տարբեր տեսակի թույներով։ Պետությունը պետք է այս մասով ծրագիր ունենա։ Ընդհակառակը, ՊՈԱԿ-ները կոտորեցին, գյուղատնտեսության նախարարությունը կոտորեցին. կոտորելով գալիս են»,- նկատեց նա։
Պետությունը նպատակ ունի նորարարական, արդյունավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայուն զարգացող, բնական միջավայրի նկատմամբ հոգատար և էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրող ֆերմերություն ստեղծել։
Սարգիս Սեդրակյանն այս ծրագրերը բառերի շարան է համարում՝ պնդելով, որ նոր տեխնոլոգիաներին անցնելուց առաջ, եղած մաշված տեխնիկան պետք է թարմացնել։
«Նոր տեխնոլոգիաները շատ լավ բաներ են։ Ես, իմիջիայլոց, եղել եմ նաև Եվրոպայում։ Բավականին ծանոթ եմ Եվրոպայի նորարարական տեխնոլոգիաներին։ Եվրոպայում կարող ես տեսնել՝ կոմբայնն աշխատում է, բայց ներսում կոմբայնավար չկա։ Կամ տրակտորը վարում է, բայց տրակտորիստ չկա՝ հեռահար կառավարում է։ Մեզ մոտ սովետական հին տեխնիկան են օգտագործում, տեխնիկայի մասերն էլ իրարից պոկվում են։ Հլը մի հատ այդ տեխնիկայով ապահովեք, նոր խոստացեք նորարարություններից»,- նշեց մեր զրուցակիցը։
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահի կարծիքով՝ այսօր պետությունը ֆերմերից ձեռքերը լվացել է։ Նրա դիտարկմամբ՝ կառավարության կողմից սուբսիդավորվող «Խելացի անասնաֆերմա», ինտենսիվ այգիների ներդրման ծրագրերը գյուղացու համար մատչելի չեն։ Չնայած սուբսիդավորմանը՝ դիմողը մեծ գումարների տակ է մտնում, իսկ նման հնարավորություն, ըստ Սեդրակյանի, միայն խոշոր ֆերմերներն ունեն։
«Հասարակ գյուղացին էլի իր կոտրած տաշտակի առաջ է կանգնած։ Հիմա էլ է սխալ ագրարային քաղաքականություն տարվում, որովհետև բան չի փոխվել։ Արտադրողականությունը բարձրացնելու համար նոր տեխնիկա բերեք և կիրառեք։ Կոմբայնը հունձ է անում, բերքահավաքի ժամանակ ընդհանրապես բերքի կորուստ լինում է, բայց ձգտում են այդ կորուստները հասցնել նվազագույնի։ Հին քանդված կոմբայնով ցորենը հավաքելիս բերքի մեծ մասի կորուստ է լինում։ Հաճախ կոմբայնի մասը ջարդվում է, և կոմբայնավարարը ստիպված աշխատանքը դադարեցնում է՝ անցելով վերանորոգման, իսկ դա կարող է ժամեր ու օրեր տևել։ Արդյունքում բերքը տուժում է՝ ցորենի հատիկը թափվում է և կորչում»,- մատնանշեց մասնագետը։
Սեդրակյանն անհրաժեշտ է համարում ֆերմերային տնտեսությունների զարգացումը, իսկ կառավարության էլ հորդորում է օդում բառեր չկրակել՝ խնդիրներին ճիշտ լուծում տալ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության մեգանպատակները։