Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հատկապես հուղարկավորությունների համար առավել մեծ պահանջարկ ունեցող ծաղիկները՝ մեխակ, վարդ, գերբերա, թանկացել էին։ Մարդիկ բողոքում էին, որ պատերազմական այս օրերին վաճառնողները առիթից օգտվում են և գերշահույթներ ստանում։
Ծաղկի գների բարձրացման հարցում փոխադարձաբար միմյանց են մեղադրում ծաղկի սրահի տերերն ու ծաղիկ աճեցնողները։
Ծաղկի սրահների տնօրենները դժգոհում էին, որ ծաղիկ մշակողներն են գները բարձրացրել, վերջիններս էլ արդարանում են, թե գնաճի պատճառը ջերմոցային տնտեսությունների գազի սակագնի բարձրացումն է։
ՏՄՊՊՀ-ն շուրջ 1 շաբաթ է՝ ծաղկի շուկան ուսումնասիրում է։ Փաստում են, որ արդեն մի քանի օր է, ինչ արձանագրվել է գների որոշակի նվազում:
Իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: