Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի գրառման՝ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:
«Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 74, Թուրքիան՝ 91, Ադրբեջանը՝ 92, Իրանը՝ 119»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ երկրների վարկանիշները որոշվում են ինը չափանիշների հիման վրա։
Այդ ցուցանիշներն են տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները: