«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և գազի գնի նվազեցման հարցն ենք քննարկել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի՝ գազի գինը նախկինում եղել է քաղաքական շահարկումների եւ մանիպուլյացիաների առարկա: «Եւ որքան էլ տարօրինակ թվա, առաջին հերթին նկատի ունեմ նախկին կառավարությանը, որովհետեւ նախկինում Հայաստանի կառավարությունը դա բազմիցս օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ այսօր, երբ մենք նման իրավիճակների հետ ենք բախվում, նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետեւանք է, եւ մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք»,-նշեց Փաշինյանը:
Գազի գնի հետ կապված վարչապետը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ. «Ես ՌԴ նախագահին ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել, որովհետև կառավարության և մեր հանրության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել»։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում մեկ անգամ ևս ասել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանը ռուբլով վճարի գազի դիմաց, որովհետև դա ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքսում:
«Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն»,-նշեց Փաշինյանը: