«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնից դիմեց ժողովրդին և խորհրդարանին և նշեց, որ իր նկատմամբ քրգործերը հարուցվել են հունիսի 5-ին՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Կառավարությանն իրենց հայտնած անվստահությունից հետո:
«Այս ամենը սկսել է հունիսի 5-ին, երբ մենք հրավիրեցինք ԲՀԿ խորհրդի նիստ ու հայտարարեցինք այն վիճակի մասին, ինչ կա»,- ԱԺ ամբիոնից նա։
Նա նշեց, որ խոստումից անցել է երկու տարի, ոչ մի բան չի արվել, իրավիճակը մտահոգիչ է բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսության, արտադրության, տնտեսության, սոցիալական, առողջապահական։
Նա ընդգծեց, պետք է իրական կյանքում բարեփոխումներ արվեն, ոչ թե ֆեյքերով ֆեյսբուքում, որոնք հայհոյանքներ ու վիրավորանքներ են տարածում։
«Ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե Ֆեյսբուքով, ֆեյքերով: Խոստումները տրված են երկու տարի, և բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա: Լիարժեք առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, 1/3-ը տվել եմ, այո՛, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ինչ-որ բան փոխվի, ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա: Այսօր ծայրահեղ վիճակ ա բոլոր ոլորտներում, համաճարակը ձախողած ա, 3 ամիս հետո սով է լինելու»,- նշեց Ծառուկյանը:
Ծառուկյանը խորհուրդ տվեց՝ հետաքրքրվել մարդկանց սոցիալական վիճակով, պարզել, թե ինքն ինչ է արել մարդկանց օգնելու համար։
Նրա խոսքով, իր ու կուսակիցների կողմից ընտրակաշառքի մասին թղթերի տարածումը պատվեր է։
«Ծառուկյանը՝ ընտրակաշա՞ռք, թուղթ են գտել, տո Ծառուկյանը ընտրակաշառք տվե՞լ ա, կա՞ ըտենց ապացույց»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:
«Թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Ես ասել եմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու։ Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք։ Ես մինչև վերջ գնալու եմ»,-ընդգծել է նա։