Հայաստանյան իշխանությունների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև վերջին օրերին ծավալված դիմակայությունը մի շարք հարցեր է առաջացնում կողմերի գործողություններում առկա դրդապատճառների և նրանց ռազմավարության վերաբերյալ:
Դրանցից առաջինը կապված է կոնֆլիկտի էսկալացիայի իրական պատճառների հետ։ Ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները որպես հիմնական պատճառ մատնանշում են Ծառուկյանի կողմից հունիսի 5-ին իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունները։ Ակնհայտ է, որ ներկա ճգնաժամի և դրանից բխող վարկանիշի հնարավոր անկման պայմաններում իշխանություններն ավելի զգայուն են դարձել քննադատությունների նկատմամբ, ինչի դրսևորումն էր նաև ավելի վաղ «Իմ քայլը» իշխող դաշինքի և մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև տեղի ունեցած սուր հակամարտությունը։
Միևնույն ժամանակ փաստ է մնում նաև այն, որ Ծառուկյանի, նրա բիզնեսների և ԲՀԿ-ի հետ կապված մի շարք քրեական գործեր վերջին մի քանի ամիսներն են զարգացել և հատկապես ակտիվացել մինչ Ծառուկյանի վերոնշյալ ելույթը։ Չի կարելի բացառել, որ իշխանության համար Ծառուկյանի դեմ սկսած քրեական հետապնդումն ունի իր տրամաբանությունը ՝ կապված հետհեղափոխական ողջ շրջանում ժողովրդական զանգվածների շրջանում հիասթափությունը մեղմելու ձգտման, իսկ արդեն 2020-ի ճգնաժամի պայմաններում դրա զանգվածային անկման հետ։
Իշխող վերնախավը, որ միայն գործնականորեն է փոխարինել նախկիններին, այնուհանդերձ, անձեռնմխելի է թողել բյուրոկրատական և ձեռնարկատիրական էլիտայի հիմնական կորիզը, ինչը չի կարող հիասթափություն չառաջացնել բնակչության մի մասի մոտ։ Այս պայմաններում նախկին էլիտայի առավել օդիոզ և հայտնի ներկայացուցիչների դեմ ընտրողական գործողությունը իշխանությունների համար «արմատական» գործելակերպի ցուցադրման և վարկանիշի կարճաժամկետ բարձրացման միջոց է։
Չի բացառվում, որ այս դեպքում Գագիկ Ծառուկյանի քննադատությունը պարզապես կատալիզատորի դեր է խաղացել ՝ գործարկելով արդեն պատրաստված սցենարը։ Անուղղակիորեն նման տարբերակի մասին ակնարկում են նաև ԲՀԿ առաջնորդի գործողությունները։ Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակահատվածում սանձազերծված կոնֆլիկտի պահին Ծառուկյանը չհամարձակվեց առճակատման գնալ պետական համակարգի դեմ և արագ զիջեց իշխանություններին։
Այս պահին դա տեղի չի ունենում, և ԲՀԿ-ի նման սկզբունքայնության պատճառներից մեկը (Ծառուկյանի արմատականացման այլ հնարավոր պատճառներին կանդրադառնանք ստորև) կարող է լինել այն ըմբռնումը, որ հակառակ կողմը գործնականում շահագրգռված չէ փոխզիջմամբ և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի դեմ գործընթացներն ինքնանպատակ են իշխանությունների համար, այլ ոչ թե նրա հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու միջոց (ինչպես դա եղավ 2015 թվականին)։
Երկրորդ կարևոր սցենարն այս զարգացող ճգնաժամի հետ կապված մնում է ընդդիմության գործողությունների արդյունավետության խնդիրը։ Առաջին հայացքից ամեն ինչ բավականին սարսափելի է։ Իշխանության հետ կոնֆլիկտի մեջ է մտել մի կուսակցություն, որը երկրորդ խմբակցությունն է խորհրդարանում, բացի դա Ծառուկյանի կողմում ֆինանսական և որոշակի մարդկային ռեսուրս կա կուտակված, հաճախորդային կապերի համակարգ, որը նա կառուցել է Կոտայքի մարզում, ինչպես նաև որոշակի սպորտային-մարզական մասնագիտական համայնքներում: Զուգահեռաբար ճգնաժամը արագացրեց ընդդիմության կոնսոլիդացիայի գործընթացը և արդեն կարելի է խոսել ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՅԴ-ի միջև կայուն փոխգործակցության ձևավորման մասին։
Սակայն գործնականում այդ բոլոր լծակների կիրառման արդյունքը դեռ նվազագույնն է։ Ի պաշտպանություն Ծառուկյանի բողոքի ակցիաներին նրա՝ որոշակի թվով կողմնակիցներ են մասնակցել, բայց որևէ զանգվածային շարժման մասին խոսել դեռ պետք չէ, և հեռանկարում էլ նման սցենարները քիչ հավանական են թվում։ Արտախորհրդարանական ուժերի հետ փոխգործակցության ձևավորումը նույնպես գործնական լուրջ նշանակություն չունի, քանի որ բոլոր երեք կուսակցությունները զրկված են գործընթացի և մասնավորապես խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իրական լծակներից: Մյուս կողմից օրենսդիր մարմնում «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը պահպանում է մեծամասնությունը, և ի չիք են դարձել նրա շարքերում որոշակի պառակտում առաջացնելու հույսերը։ Ավելին, արտաքին ճնշումը տանում է խմբակցության կոնսոլիդացիայի. դրա ցուցիչը բավական մոնոլիտ քվեարկությունն էր Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում խոհրդարան ներկայացված միջնորդությանը։
Այս բոլոր ասպեկտները երրորդ հարցն են առաջացնում ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ՝ իշխանության հետ ուղիղ առճակատման գնացող ԲՀԿ-ի իրական ռազմավարության և հաշվարկների վերաբերյալ։ Այստեղ իրական ռազմավարությունը, հավանաբար, կապված կլինի երկրում տիրող իրավիճակի հետ, որի ֆոնին զարգանում է Ծառուկյանի շուրջ հակամարտությունը։ Սոցիալ-տնտեսական ծանրագույն ճգնաժամի պայմաններում անխուսափելի է թվում իշխանությունների զանգվածային աջակցության աստիճանական կրճատումը, ինչն իր հերթին կանդրադառնա երկրում ուժերի հավասարակշռության վրա, և կարող է բացասաբար ազդել բյուրոկրատական ապարատի որոշակի օղակներ վերահսկելու իշխանության ունակության վրա, և իր հերթին խորհրդարանում իշխող մեծամասնության դեգրադացիա առաջացնել:
Չի բացառվում, որ ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց հետ կապված նախկին էլիտայի մի մասը կարծում են, որ վերը նկարագրված ճգնաժամի պահն իսկապես եկել է, և նշված «արմատականացումը» սովորաբար պրագմատիկ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ է կապված։ Սակայն նման հարցերում չափազանց կարևոր է գործողությունների ժամանակին լինելու խնդիրը։ Չի բացառվում, որ ընդդիմության հաշվարկներն էապես առաջ են անցել իրադարձությունների իրական ընթացքից և գործնականում իշխանությունների մոտ պահպանվում է զանգվածային աջակցության իրական ռեսուրսը։ Բացի այդ, կարևոր գործոն է մնում բազմաթիվ նախկին գործիչների ցածր վարկանիշը, որոնց ակտիվացումը հաճախ միայն նպաստում է Հայաստանի գործող իշխանությունների զանգվածային աջակցության ուժեղացմանը։
Արդյունքում երկրի ղեկավարության համար իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում իսկապես բարդ է և, հավանաբար, հետագայում այն կշարունակի վատթարանալ։ Միևնույն ժամանակ, մեծ հարցականի տակ են մնում այդ առումով ընդդիմության գործողությունների ակտիվացման և ճիշտ պահի ընտրության ժամանակին լինելը։ Թերևս սա է Գագիկ Ծառուկյանի շուրջ շարունակվող ճգնաժամի առանցքային հարցերից մեկը։
Դավիթ Հարությունով