ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։
Կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում։
ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը՝ անկախ գովազդային պաստառի առկայության փաստի:
Համաձայն գովազդի մասին օրենքի՝ սահմանվում է, որ սոցիալական գովազդ՝ առևտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, իսկ համաձայն 13-րդ հոդվածի՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը: