ՍԴ-ում իմ թեկնածության առաջադրումը խախտում չէ, քանի որ կրկնակի չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի խորհրդարանը քննարկել է նրա թեկնածությունը, իրավական տեսանկյունից չի կարելի կրկնակի համարել այդ առաջադրումը: «Նախորդ ընթացակարգը, նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ: Այն մի քանի փուլով տևեց, անցավ, գնաց: Ես հիմա չեմ հավակնում այն տեղին, ես հիմա հավակնում եմ նոր ընթացակարգով նոր ազատված տեղին: Հետևաբար, ես չեմ համարվում թեկնածու, որն այս տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է և հիմա նորից երկրորդ անգամ է առաջադրվել», – հայտարարել է նա։ Վաղարշյանը հավելել է, որ, հաշվի առնելով նշված հանգամանքները, բոլոր պահանջները ֆորմալ տեսանկյունից պահպանվել են։ Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում ոչ մի կերպ չէր համաձայնի մասնակցել այդ գործընթացին։
Անդրադառնալով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հնչեցված դժգոհությանը, թե թեկնածուներից ոչ ոք իրենց հետ հանդիպելու համար չի դիմել, Վաղարշյանը վստահեցրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես չի եկել միայն այն պատճառով, որ տեղյակ չի եղել, թե ինքը պետք է դիմի:
«Իմ մտքով չէր անցել, որ ես պետք է նախաձեռնեմ հանդիպումը: Եթե ես իմանայի, որ իսկապես այդպիսին է կարգը, համոզված եղեք, որ ես ինքս կնախաձեռնեի: Շատ կուզենայի շատ հարցեր ճշտել այդ հանդիպումների ընթացքում»,-ասաց Վաղարշյանը:
Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը: