Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես, Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով բանակցությունների հարթակ տրամադրելու Ղազախստանի առաջարկին:
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը Ղազախստանի առաջարկի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակը նշեց, որ ՀՀ-ն կողմ է միջնորդական ջանքերին։
«ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- հավելել է խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին համաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրել։