Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտություն հարցին։
«Վստահ եմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է իր կուսակից Գևորգ Պետրոսյանին, որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես։ Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը, և այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը։ Եվ հիմա, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի», – ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ եթե գրառումը վերաբերեր վարչապետին, ապա Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշել կամ ավելի հստակ կգրեր։ Սիմոնյանն անգամ վստահ չէ, որ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ պաշտոնապես հաստատված չէ։
Ճշտող հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, փաստորեն, վարչապետին չէ՞ր ուղղված, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին», – ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ:
Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»:
Ավելի ուշ ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։
«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում քննարկվում էր ԼՀ խմբակցության հարցապնդումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։ Իր ելույթում Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ` ինչից եք խոսում: Գիտե՞ք` այս չափորոշիչներն ինչի մասին են, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ դա է սովորեցնելու: Ինչ վերաբերում է այդ դասագրքին, ժողովուրդ ջան, սա 98 թվի դասագիրք է, դասագիրք չի, մեթոդական…»: