ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անձնական հաշվեհարդար է տեսնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
«Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակում։ Այդ իշխանության ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի նպատակ, սրբություն համարում են միայն մանդատը և կարևորում այն: Մենք ընդամենը գործ ունենք փոքրոգի, քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ, որոնք այս ձևով փորձում են հաշվեհահարդար և վրեժխնդիր լինել»,- նկատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը։
ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա։
«Այս հարցում այլընտրանք չկա, ընդդիիմությունը շարունակելու է անել այն, ինչ անում է մինչ օրս: Այն, որ իշխանությունները սարսափած են այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում, վկայում է այսօր խորհրդարանում քննարկվող հարցը, որը կրծքով փորձում են պաշտպանել իշխանությունները և թույլ չտալ, որպեսզի ռազմական դրության ռեժիմը չեղարկվի»,- ընգծեց Իվետա Տոնոյան։
Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստում որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը զրկվել է նաև պատգամավորական անձեռնմխելիությունից: Նշենք, որ ընտրակաշառք բաժանելու հարցով մեղադրվող Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։