Մայիսի 7-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել Բաքու, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Ադրբեջանցի պատգամավորները քննադատել են Հայ առաքելական եկեղեցուն, որի կարծիքը «տարբերվում է Հայաստանի վարչապետի տեսակետից»։
«Մենք կարող ենք Փաշինյանին հրավիրել Բաքու»,- «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջի խոսքերը խորհրդարանական հանդիպման ժամանակ։
Օրուջը հավելել է, որ դեպի Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակվի բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց քաղաքական թշնամիներն են և կոչ են անում պատժամիջոցներ կիրառել իրենց երկրի դեմ։
Մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր Սահիբ Ալիևը քննադատել է Հայ առաքելական եկեղեցուն «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը խաթարելու փորձի համար»: Ալիևը հայկական եկեղեցին անվանել է «ահաբեկիչների որջ»։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։