Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 17-ի առավոտյան հանդիպել է սահմանազատման դեմ բողոքող Կիրանցի բնակիչների հետ, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Կիրանցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են մայիսի 16-ին փակված Հայաստան-Վրաստան ճանապարհը։
Թերթի տեղեկություններով՝ Ղալումյանը Կիրանցի բնակիչներին ասել է, որ ոչինչ փոխել չեն կարող՝ սահմանը գծված է։ Տավուշի ղեկավարը որպես խնդրի լուծում առաջարկել է սահմանի ողջ երկայնքով պատ կառուցել, որպեսզի «գյուղացիները չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին»։ Նա վստահեցրել է, որ ոստիկանությունը և ԱԱԾ աշխատակիցները միշտ կլինեն գյուղում և կհետևեն բնակիչների անվտանգությանը, նշում է հրատարակությունը։
«Քննարկվել է նաև փոխհատուցման հարցը, կոնկրետ թվեր, սակայն, չեն նշվել։ Կիրանցի բնակիչները (թեև ոչ բոլորը, ինչպես նախկինում) չեն ընդվզել, ոմանք արդեն կոտրվել են և պատրաստ են փոխհատուցում ստանալ»,- նշում է «Հրապարակը»։
Գյուղի բնակիչները Ղալումյանից պահանջել են ցույց տալ արդեն իսկ սահմանազատված սահմանի քարտեզը, ինչին մարզի ղեկավարը պատասխանել է, որ քարտեզ չունի։ «Պատասխանը նոր կասկածներ առաջացրեց, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, քան նրանք ի սկզբանե կարծում էին», – եզրափակել է թերթը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։