Հայ-ադրդեջանական սահմանին կայացել է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացը 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզի համաձայն և ստորագրել Տավուշի հատվածի առանձին բնակավայրերի սահմանազատման արդյունքում ընդունված արձանագրություն-նկարագրությունը։
«Հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն»,- ասված է գերասեսչության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հավելել են, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Նաև հայտնել էին, որ սահմանագծի տվյալ հատվածների արձանագրություն-նկարագրություն է լինելու, որը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև մայիսի 15-ը:
Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներ էին սկսել ապրիլի 19-ի երեկոյան, որից հետո քայլերթով շարժվել էին դեպի Երևան:
Նշենք, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հաշվարկներով՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման շրջանակներում Հայաստանը Բաքվին էր զիջել 2 տուն և 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։ Մոտ 15 տուն հայտնվել էր ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։