ԱԺ-ն վավերացրեց մի քանի համաձայնագրեր։
Դրանցից մեկը «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրն է, որով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:
Պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար:
ԱԺ-ն հաստատեց նաև «ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև ՀՀ նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը: Սրանով ղազախական նավթամթերքի առաքումը ՀՀ կազատվի մաքսատուրքից։
Ազգային ժողովը հավանություն տվեց ևս մեկ համաձայնագիր՝ Կառավարության ներկայացրած «ՀՀ Կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու» օրենքի նախագիծը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա և բամբակյա գործվածքները, թելերը:
ԱԺ-ն վավերացրեց մեկ համաձայնագիր ևս, որը ենթադրում է ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմանների ստեղծում։ Դրանով ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցվում են, որի արդյունքում, սակայն, ծխախոտը կթանկանա մոտ 15 տոկոսով։