Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն դրսևորելու կոչ է արել: Ի պատասխան հայ լրագրողների հարցին՝ մարտի 30-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի մարզի գնդակոծության մասին, ապրիլի 2-ին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ ստացած տեղեկությունների՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Ընդ որում՝ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները, ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից, և օբյեկտիվ պայմաններ առաջանալուն պես կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զախարովան:
Հիշեցնենք՝ մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել։
Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին պատշգամբում էր: