Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։
Այս մասին մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նազարյանի պաշտպաններից Գագիկ Խաչիկյանը։ Վերջինս նաև հայտնել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նազարյանի ձերբակալումը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նազարյանը օգոստոսի 6-ին ձերբակալվել է, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել։
Օգոստոսի 7-ին հատուկ քննչական ծառայությունը դատարան է ներկայացրել Նազարյանին կալանավորելու միջնորդություն։ Ձերբակալման դեմ բողոքն ու կալանքի միջնորդությունը միասին քննվել են դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։