Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդրադառնալով հավանական պատերազմի վերսկսման մասին հայտարարություններին՝ Մասիս Մայիլյանը նշել է. «Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum – Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով»:
«Թուրքիան հակամարտության մեջ երբեք չեզոքություն չի պահպանել՝ չնայած իր անդամակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր եռակողմ համանախագահությամբ միջնորդական առաքելություն է իրականացնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը եղբայրական Ադրբեջանին ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել, այլև սատարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության շրջափակմանը»,-նշել է Մայիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին Արցախյան հակամարտության համատեքստում և բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ միասնական ազգ են։
«Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-հայտարարել է Մայիլյանը։
«Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում. ժամանակն է, որ շահագրգիռ մյուս դերակատարներն էլ նույնն անեն»,-ընդգծել է Արցախի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։