ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն:
Նախագծով սահմանվում է հայրության արձակուրդը:
«Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ՝ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը:
Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում: