Պետությունը սկսվում է սահմանից։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Սահմանին պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով ապրում է, այդ տարբերությունը պետք է զգա, այսօր բնակիչը զինվորն է՝ սահման պահողը, և տարբերությունը շատ մեծ պետք է լինի երկրի կենտրոնի հետ համեմատած»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միշտ էլ իր հարգանքը, ուշադրությունը ցուցաբերել է սահմանամերձ համայնքների նկատմամբ և այդպես էլ շարունակելու է: Նա իր դժգոհությունն է արտահայտել տեղում աշխատող ոստիկանության աշխատակցիների գործունեության հետ կապված։
«Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց՝ ի՞նչ եք արել, կարո՞ղ եմ իմանալ. ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ։ Պլան է դրած՝ օրը 300 հատ պետք է տուգանք գրեք. խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար դրամ թոշակ է ստանում»,-իր ելույթում նշեց Ծառուկյանը: Նա նկատեց, որ ուսման վարձը, հարկերը, գույքահարկը ավելացրել են:
Ըստ Ծառուկյանի՝ այսօր պետությունը պետք է լինի ժողովրդի կողքին, հիմնական վարկերը պետք է ներվեն՝ մինչև արտակարգ իրավիճակն անցնի, մարդիկ հնարավորություն ունենան աշխատելու: «Ես ասել եմ երկու ամիս առաջ, կասեմ չորս ամիս հետո՝ օր օրի ալիքը բարձրանում է և պետք է կարողանալ դրա պատասխանը տալ: Այսօր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարով. ի՛նչ է արվել, ու՛մ են օգնել. կարող են ամեն ընտանիքի 2 հազար դոլար տալ, ասել՝ այս վիճակից դուրս արի. մեկ է, դա դուք եք փակելու»,-ասաց նա և նկատեց, որ Վրաստանը մեզանից շատ բնակչություն ունի, սակայն կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, իսկ Հայաստանում՝ 1119 –ն է մահացել:
Նա կրկին նշել է, որ ներկա իշխանությունները անփորձ երիտասարդներ են, լիարժեք չեն կարող արդյունավետ աշխատել և բյուջեի գումարները ճիշտ նպատակին ծառայեցնել: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ թոշակները 2 հազար դրամով ավելացրել են, բայց մնացած հարկ ու տուրքը տասն անգամ են ավելացրել: