Սյունիքի մարզպետարանը հաղորդում է, որ Սիսիան համայնքում 2020 թվականի սուբվենցիաների շրջանակում մեկնարկել է ՆՈՒՀ-երի վերանորոգման ծրագիրը։ Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականցվող այս ծրագրի շնորհիվ համայնքը կունենա բարեկարգ, հարմարավետ, ժամանակակից գույքով վերազինված և սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովված ևս մի քանի նախակրթարաններ։
Ծրագրի շրջանակերում Վաղատին և Որոտնավան բնակավայրերում, որտեղ տասնամյակներ շարունակ նախակրթարաններ չեն գործել, կհիմնվեն ՆՈՒՀ-երի խմբեր, կվերանորոգվեն թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երը, որոնց բակերում կստեղծվեն նաև խաղահրապարակներ։ Կվերանորոգվեն Նորավան, Շամբ և Տոլորս բնակավայրերում գտնվող խմբասենյակները։
Ծրագրում ներառված ՆՈՒՀ-երում եւ բնակավայրերի խմբասենյակներում կիրականացվի գույքի արդիականացում, կտեղադրվեն արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ, որոնց կիրառման շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարվող ծախսերը, նախակրթարաններում կլուծվեն կենցաղային մի շարք խնդիրներ, ինչպես նաև զգալիորեն կկրճատվեն CO2 գազի արտանետման ծավալները։